Խոսրովի Անտառ
«Խոսրովի անտառ» պետական արգելոց (նաեւ Խոսրովի անտառ), պետութեան կողմէ պահպանուող տարածք:
Հիմնուած է 1958-ին, Հայաստանի Արարատի մարզին[1] հիւսիս-արեւելեան մասին մէջ, Գեղամայ լեռնավահանին եւ Մերձարաքսեան ծալքաբեկորաւոր լեռնաշղթաներուն միջեւ, 330-338-ականներուն, Խոսրով Բ. Կոտակ թագաւորին կողմէ ստեղծուած անտառին տարածքին մէկ մասին վրայ։
Արգելոցը ունի շուրջ 1700 տարուան պատմութիւն: Անոր ներկայի տարածքը պատմական անցեալին գտնուած է Մեծ Հայքի Այրարատ նահանգին մէջ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնուած է Խորհրդային Հայաստանի կեդրոնական մասին չոր նոսրանտառային, կիսանապատային բնակավայրերու, բուսական եւ անասնական եզակի համարուող համակեցութիւններու պահպանութեան նպատակով:
Արգելոցը կը տարածուի դէպի հարաւ-արեւելք, կը զբաղեցնէ 23,213,5 հա տարածք եւ կազմուած է Գառնի (4253 հա), Կաքաւաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա) եւ Խաչաձոր (7354,7 հա ) տեղամասերէն[2]:
Խոսրովի անտառ պետական արգելոցը կը գտնուի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին հովանաւորութեան տակ։ 26 Օգոստոս 2013-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին շնորհուած է Պահպանուող տարածքներու Եւրոպական վկայական[3]:
Հիմնադրում ու Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Խոսրովի անտառ» անուանումը արգելոցը ստացած է Խոսրով Գ. Կոտակ թագաւորին ի պատիւ։ Խոսրովի անտառը հիմնուած է 334-338-ականերուն:
Ըստ Խորենացիի` Խոսրովի գահակալութեան ընթացքին, Գառնիի ամրոցէն մինչեւ Դուին կատարուած են անտառատնկումներ: Անտառին մէկ մասը կոչուած է «Տաճար Մայրի», իսկ միւսը՝ «Խոսրովակերտ», որ մինչեւ Երասխ կը հասնի: Հարիւրաւոր տարիներու ընթացքին անտառին «Խոսրովակերտ» հատուածը վերացած է: «Տաճար Մայրի»էն պահպանուած են առանձին հատուածներ, որոնք ձուլուած են բնական անտառին:
Արգելոցին մէջ կը պահպանուի Գ. դարաշրջանէն մեզի հասած գիհիի եւ կաղնիի անտառներ, կիսանապատային եւ Ֆրիկանային դաշտավայրերու չորասէր համակեցութիւններ եւ այլ միջերկրածովեան մնացորդներու բուսականութեան էգոհամակարգեր, ինչպէս նաեւ այդ միջավայրերուն յարմարած հազուագիւտ անասուններու ու բոյսերու տեսակներ:
Արգելոցին գիտական, գործնական եւ կազմակերպչական աշխատանքները 2002-էն կ'իրականացուին ՀՀ բնապահպանութեան նախարարութեան «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպութեան կողմէ, որուն հովանաւորութեան տակ կը գտնուին՝
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որ կազմուած է 4 տեղամասերէ՝ Գառնի (4253 հա), Կաքաւաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա)[2],
- «Գոռաւանի աւազուտներ» պետական արգելավայրը՝ 95,99 հա,
- «Խոր Վիրապ» պետական արգելավայրը՝ 50,28 հա[3]:
Աշխարհագրական Դիրքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Խոսրովի անտառ» պետական արգելոցը կը գտնուի Արարատի մարզին մէջ, Գեղամայ լեռնավահանին հարաւային հատուածին բարձրադիր լեռնաբազուկներուն Ուղտուպար, Տասանորդ (Դահնակ), Խոսրովասար եւ լեռնային համեմատաբար ցած համակարգի Արարատեան դաշտին արեւելեան կողմէ երիզող Երանոսի եւ Երախի լեռներուն եւ անոնց լեռնաբազուկներուն վրայ։ Լեռնագագաթները, որոնք կը գտնուին համանուն լեռնաբազուկներուն եւ լեռնաշղթաներուն վրայ, հետեւեալներն են. Ուղտուսար (3170 մ), Մանկունք (2927 մ), Տասանորդ (Դահնակ 2535 մ),Կոտուց (2061 մ), Խոսրովասար (1988 մ), Երանոս (1824 մ), Իլկասար (1462 մ) եւ Երախ (1419 մ):
Արգելոցը կ'երկարի դէպի հարաւ-արեւելք: Կը զբաղեցնէ 23213,5 հա տարածք եւ կը տարածուի ծովուն մակերեսէն 700-2800 մ բարձրութիւններու վրայ:
Արգելոցին տարածքին մակերեւոյթը լեռնային է եւ գետային ցանցի մը շնորհիւ մասնատուած է խոր ձորերու, որ երկրաբանական անցեալի աշխոյժ գործունէութեան արդիւնք է: Ներկայիս կը շարունակուին լաւ արտայայտուած քայքայումի գործընթացները։ Արգելոցին տարածքին մեծ մասը տեղաբաշխուած է թեք լեռնալանջերու վրայ:
Արգելոցին տարածքի 15%-ը կը կազմեն մինչեւ 20˚ թեքութիւնները, 19%-ը` 20-30˚, 66%-ը` 30˚եւ բարձր:
Արգելոցին տարածքին շուրջ 50%-ը կը զբաղեցնէ միջին լեռնային գօտին (1500-2300 մ)։
Կլիման
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արգելոցին կլիման չոր ցամաքային է, ամառնային բարձր ջերմաստիճաններով եւ ցուրտ ձմեռով։ Արգելոցին տարածքին կը ձեւաւորուին կլիմայի հետեւեալ տեսակները՝ չոր ցամաքային, չափաւոր տաք չոր, բարեխառն եւ չափաւոր ցուրտ կլիման:
Չոր ցամաքային կլիման կ'ընդգրկէ նախալեռնային գօտին՝ 900 մ-էն մինչեւ 1300 մ բարձրութիւնները: Կլիմային այս տեսակը կը բնութագրուի մեղմ ձմեռով եւ անկայուն ձիւնածածկոյթով: Ամառը տաք է, յաճախակի են երաշտները: Գարունը եւ աշունը կարճատեւ են եւ խոնաւ: Տեղումներու տարեկան միջին քանակը 350-450 մմ. է:
Ծովու մակերեւոյթէն 1400-էն մինչեւ 2000 մ բարձրութիւնները կը տարածուի չափաւոր տաք՝ չոր եւ բարեխառն կլիմայական գօտին:
Ձմեռը ցուրտ է, կը գոյանայ կայուն ձիւնածածկոյթ մը: Գարունը խոնաւ է, յաճախակի ցրտահարութիւններով: Աշունը տաք է, երկրորդ կէսէն՝ բաւական խոնաւ։
Տարեկան տեղումներու միջին քանակը 500-600 մմ է: Անսառնամանիք օրերու քանակը 200 օր։
2000-էն մինչեւ 2500 մ բարձրութիւններու վրայ կը տարածուի չափաւոր ցուրտ կլիմայական գօտին: Ձմեռը ցուրտ է, բացարձակ նուազագոյն ջերմաստիճանը -42˚C:
Գարունը ցուրտ է, որ կ'աւարտի Մայիսի վերջերուն։ Ամառը զով է եւ խոնաւ։ Աշունը կարճատեւ է: Տարեկան տեղումներու միջին քանակը մինչեւ 800 մմ[4] կը հասնի: Անսառնամանիք օրերու քանակը 90-120 օր[5] է:
Ջրագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արգելոցին տարածքով կը հոսին Արաքս գետին ձախակողմեան երկու մեծ վտակները՝ Ազատ եւ Վեդի գետերը:
Ազատ գետը սկիզբ կ'առնէ Գեղամայ լեռնաշղթային հարաւ-արեւմտեան լանջերէն։ Ունի մեծ անկում եւ քարքարոտ հուն: Երկայնքը 55 քմ , ջրհաւաք աւազանին մակերեսը 550 քմ²: Գառնի գիւղին մօտակայքը կը յառաջացնէ համանուն խորունկ կիրճ մը, ստորին հոսանքէն դուրս կու գայ Արարատեան դաշտ: Ունի խառն սնուցում, գլխաւորաբար կը սնանի ստորերկրեայ ջուրերով, յորդացումը Ապրիլ- Յունիս ամիսներուն է: Աջէն կ'ընդունի Գողթն վտակը՝ երկայնքը՝ 16 քմ: Սկիզբ կ'առնէ Գեղամայ լեռներուն կեդրոնական մասին արեւմտեան լանջերէն:
Քաջառիի գետը ունի 15 քմ երկայնք։ Սկիզբ կ'առնէ Գեղամայ լեռներուն հարաւ-արեւմտեան լանջերէն։ Ջրհաւաք աւազանին մակերեսը 25 քմ² է։
2000-ին Ազատ գետը ներառուած է Միացեալ ազգերու Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան (ԵՈՒՆԵՍՔՕ-ի) Համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ:
Վեդի գետը սկիզբ կ'առնէ Մանկունք լեռնագագաթին հարաւ-արեւելեան լանջէն՝ շուրջ 2700 մ բարձրութենէն։ Վեդի գետին վտակներէն արգելոցին տարածքով կը հոսին Խոսրովը (երկայնքը 18 քմ) , Սպիտակաջուրը (երկայնքը՝ 16 քմ) , Մանկուկը (երկայնքը՝ 16 քմ): Արգելոցին տարածքին կան մեծ քանակութեամբ քաղցրահամ եւ հանքային աղբիւրներ[6]:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցին տարածքին կը գտնուին 4 ջրվէժներ, որոնցմէ երկուքը ժողովուրդը կ'անուանէ հին հեթանոսական աստուածներու անուններով՝ Վահագնի եւ Աստղիկի:
Հողային ծածկոյթը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Խոսրովի անտառ» պետական արգելոցին տարածքին իւրայատուկ են հողերու հետեւեալ տեսակները.
- Կիսաանապատային գորշ հողեր,
- Լեռնատափաստանային շագանակագոյն հողեր,
- Լեռնանտառային սրճագոյն հողեր,
- Գորշ անտառային հողեր,
- Լեռնամարգագետնային սեւ հողեր:
Կիսաանապատային գորշ հողերը կը տարածուին ծովու մակերեսէն մինչեւ 1250 մ բարձրութիւնները: Կիսաանապատային գորշ հողերը կը ձեւաւորուին հիմքերով հարուստ հրաբխային ապարներու վրայ, չոր ցամաքային կլիմայի եւ կիսաանապատային բուսականութեան պայմաններով: Այս հողերուն վրայ բուսահողին պարունակութիւնը 1-2% է, ունին սակաւ հզօրութիւն, բնածխատներու մեծ պարունակութիւն: Մեքենական կազմը կաւաւազային է:
Լեռնատափաստանային շագանակագոյն հողերը կը տարածուին ծովու մակերեսէն 1250 մ-էն մինչեւ 1500-1600 մ բարձրութիւնները: Այս հողերը կը ձեւաւորուին չափաւոր տաք եւ չոր կլիմայական պայմաններով, չոր տափաստանային բուսականութեան տակ: Բուսահողին պարունակութիւնը այս հողերուն վրայ 2-3.5% է: Այս հողերը ունին կաւաւազային մեքենական կազմ:
Լեռնանտառային դարչնագոյն եւ գորշ անտառային հողերը կը տարածուին ծովու մակերեսէն1600-2200 մ բարձրութիւնները:
Լեռնանտառային սրճագոյն հողերը կը ձեւաւորուին չափաւոր տաք եւ ոչ կայուն խոնաւութեան պայմաններու մէջ, թփուտներով հարուստ կաղնիի եւ բոխիի անտառներու մէջ։ Բուսահողին պարունակութիւնը 4-10% է: Այս հողերը գլխաւորապէս ունին կաւաւազային մեքենական կազմ:
Անտառային գորշ հողերը կը ձեւաւորուին տաք եւ խոնաւ կլիմայական պայմաններու մէջ, ստուերահայեաց լանջերուն լայնատերեւ ծառատեսակներու տակ: Այս հողերուն վրայ բուսահողի պարունակութիւնը 5-12% է:
2200-2600 մ բարձրութիւններու վրայ կը տարածուին լեռնամարգագետնային սեւ հողերը: Անոնք կը ձեւաւորուին ցուրտ եւ խոնաւ կլիմայական պայմաններու մէջ։ Բուսահողին պարունակութիւնը 10-15% է, ունին կաւային եւ կաւաւազային մեքենական կազմ[7]:
Բուսական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածաշրջանին մէջ արգելոցը առանձնայատուկ է իր բուսական աշխարհով: Հայաստանի 1%-ը կազմող արգելոցին տարածքին կ'աճին բոյսերու 1849 տեսակներ (Հայաստանի բուսական աշխարհին աւելի քան 50%-ը, իսկ Կովկասի ծաղկաստանին շուրջ 1/3), որոնք ներկայացուած են 588 ցեղերով եւ 107 ընտանիքներով:
Բոյսերէն 80 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ: Արգելոցին տարածքին աճող բուսատեսակներէն 24 indimmic են:
Հայաստանի Կարմիր գիրքին գրանցուած տեսակներէն են՝
- Ատիանթում Վեներայի վարս (Adiantum capillus-veneris),
- Վարդատերեփուկ Սոսնովսկի (Amberboa sosnovskyi)
- Երեւանեան Տերեփուկ (Centaurea erivanensis
- Շովիցի Խինձ (Scorzonera szowitzii)
- Պարսկական Սթեփթորամֆուս (Steptorhamphus persicus)
- Արեցանման Սապնարմատ (Gypsophila aretioides)
- Մինուարթիա կոշտածաղիկ (Minuartia screlantha)
- Աւազոտ Ծվծվուկ (Silene arenosa)
- Մէյէրի Ծվծվուկ (Silene meyeri )
- Օշան Թամամշեանի (Salsola tamamschjanae)
- Բթաթեփուկ Գազ (Astragalus amblolepis )
- Պասիանիական Գազ (Astragalus Basianicus)
- Խզմզաբաժակ Գազ (Astragalus grammocalyx)
- Պոնտական Սզնի (Crataegus pontica)
- Երմատնանի Քարբեկ (Saxifrag atridactylites)
- Պարսկական Երեքօրնիկ (Hesperis persica)
- Պոկ Օլիվյէի (Gentiana olivieri) եւ այլ տեսակներ:
Վայրին յատուկ տեսակներէն են՝
- Աննշմարակող անհարթապտուղը (Aphanopleura trachysperma)
- Վավիլովի Տերեփուկը (Centaurea vavilovii)
- Սթեփթորամֆուս Չերեփանովի (Steptorhamphus czerepanovii )
- Թոմանթիա Դարեղեգիսի (Tomanthea daralaghezica)
- Հայկական Ծովակաղամբ (Crambe armena),
- Էրուքասթրում Թախտաճանի (Erucastrum takhtajanii),
- Ամբողջատերեւ Գազ (Astragalus holophyllus)
- Մասսալսկի Գազ (Astragalus Massalskyi)
- Հայկական Չմենի (Cotoneaster armena ),
- Ֆյօտորովի Տանձենի (Pyrus fedorovii ),
- Խոսրովեան Տանձենի (Pyrus chosrivica) եւ այլ տեսակներ:
Տարածքին շուրջ 64%-ը կը զբաղեցնեն լեռնային չորասէր համակեցութիւնները, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։
Արգելոցին տարածքին ծովուն մակերեսէն 800մ մինչեւ 1200-1300 մ, երբեմն նոյնիսկ 1400 մ բարձրութիւններու վրայ կը տարածուին կիսաանապատային բուսականութիւնը՝
- Բուրաւէտ Օշինտր (Artemisia fragrans),
- Ծառանման Օշան (Salsola dendroides),
- Նոստրատերեւ Աղածաղիկ (Halanthium rarifolium),
- Բորբոսատեսուկ Գորշ (Eurotia ceratoides),
- Երեւանեան Տերեփուկ (Centaurea erevanensis),
- Սոխուկային դաշտաւլուկ (Poa bulbosa),
- Եղեսպակի (Salvia),
- Կապարի (Capparis),
- Դժնիկի (Rhamnus),
- Փշամանդիկի (Acantholepis ),
- Գազերու (Astragalus),
- Իշակաթնուկի (Euphorbia),
- Կակաչի (Papaver) եւ այլ ցեղերու տեսակներ:
Կիսաանապատային գօտիէն վեր՝ 1400-1700 մ բարձրութիւններու վրայ կը տարածուի Արմենա-իրանական ֆրիկանան (յունարէն չորցած) իր բազմաթիւ տեսակներով:
Ֆրիկանան կը բնութագրուի իբրեւ չորասէր, ցած, խիտ ճիւղաւորուած, յաճախ փշոտ թուփերու եւ թփիկներու համակեցութիւն: Անիկա արգելոցին մէջ ներկայացուած է Ֆենցլի նշենին (Amygdalus fenzliana), մահլեպեան եւ ալեհեր բալենիներու (Cerasus incana, mahlebi), Փալլասի դժնիկի (Rhamnus pallasii), փքապտուղի (Spiraea), տանձենիի (Pyrus) աւելի յաճախ ուռատերեւ տեսակով: Նշուած տեսակներուն տեղ-տեղ կը զուգակցուին մերկատերեւ փռշնին (Celtis glabrata), բթատերեւ պիստակենին, (Pistacia mutica), խնկենի դաբաղային աղտորը (սմախ Rhus coriaria) , թալատերեւ զուգատերեւը (Zygophyllum atriplicoides ), լեռնաչամիչը (Ephedraceae) եւ այլ տեսակներ: Թուփերը կ'աճին ցաք ու ցրիւ, առանց համատարած ծածկոց մը գոյացնելու:
Արգելոցին մէջ 1400-2200 մ.ծ.մ. բարձրութեան վրայ ներկայացուած են լեռնային տափաստանները, նոսրանտառները եւ կաղնիի անտառները:
Արգելոցին զարդը կը հանդիսանան երրորդական դարաշրջանի գիհիի եւ կաղնիի կղզիացած անտառները, որոնք բաւական խիտ են յատկապէս՝ Խոսրով եւ Խաչաձոր մասերուն մէջ:
Արգելոցին մէջ կ'աճի գիհիի երեք տեսակներ՝ բազմապտուղ գիհի (Juniperus polycarpos C. Koch), երկարատեւ գիհի (Juniperus oblonga Bied) եւ փոքրահասակ գիհի (Juniperus depressa Stev): Գիհիի նոսրանտառներուն մէջ իբրեւ գերիշխող տեսակ հանդէս կու գայ բազմապտուղ գիհին (Juniperus polycarpos), հազուադէպ անոր կը խառնուին երկարատերեւ գիհին (Juniperus oblonga) եւ փոքրահասակ գիհին (Juniperus depressa): Սովորաբար գիհիին կ'ուղեկցին թխկի վրացականը (Acer ibericum), մերկ փռշնին (Celtis glabrata), Ֆենցլի նշենին (Amygdalus fenzliana), Փալլասի դժնիկը (Rhamnus pallasii), Վրացական ցախակեռասը (Lonicera iberica), բռնչին (գերիմաստի) (Viburnum lantana), բթատերեւ պիստակենին (Pistaca mutica) եւ այլն: Առանձին հատուածներու վրայ առատօրէն ներկայացուած են տանձենիի (Pyrus) եւ արոսենիի (Sorbus) տեսակները: Գիհիի նոսրանտառները կը տարածուին հարաւային դիրքադրութեան արեւկող, թեք եւ չոր լեռնալանջերուն:
Արգելոցին տարածքին մեծ կաղնիի անտառները կը տարածուին 1600-2300 մ բարձրութիւններու վրայ, որոնք աւելի խիտ են Խոսրով տեղամասի «Թռչնաբերդ» տեղանունով նշանաւոր լեռնալանջին:
Կաղնիի անտառներուն մէջ իբրեւ ուղեկցող տեսակներ հանդէս կու գան սովորական եւ կլորատերեւ հացենին (Fraxinus excelsior, Fraxinus rotundifolia), սովորական արոսենին (ծիտի խնձոր, Sorbus aucuparia ), թխկէնու (Acer) եւ տանձենիի (Pyrus) տարբեր տեսակներ եւ այլն: Անտառին մէջ շատ են նաեւ թուփերը` գերիմաստին (Viburnum lantana), ցախակեռասը (Lonicera), մասրենիի (Rosa), սզնի (ալոճենի, Crataegus) տարբեր տեսակները, իսկ խոտածածկը հարուստ է դաշտավլուկազգիներով:
Արգելոցի տարածքին լեռնատափաստանները կը զբաղեցնեն ընդարձակ տարածք եւ ներկայացուած են տարբեր տեղեկութիւններով:
Ազատ եւ Խոսրով գետերու կիրճերուն մէջ 1450-2200 մ բարձրութիւններու վրայ կը տարածուին փետրախոտային տափաստանները: Փետրախոտային տափաստաններուն մէջ գերակշռող են՝ փետրախոտի տխուր, գեղեցիկ, մազոտ, Լեսսինգի եւ կովկասեան Հոհէնակերի տեսակները:
Խոսրով եւ Մանկուկ գետերու կիրճերուն մէջ 2200-2400 մ բարձրութիւններու վրայ կը տարածուին հացազգա-տարախոտային տափաստանները: Հացազգա-տարախոտային տափաստաններուն մէջ կը գերակշռեն՝ բարակոտնուկ սանրանման, սիզախոտի 2 տեսակ, սեգ սանրային, մակարդախոտ գարնանային, սաղաւարտուկ արեւելեան, ուրց Կոչիի, կղմուխ եւ այլն:
Շիւղախոտային տափաստաններուն մէջ կը գերակշռեն շիւղախոտի տարբեր տեսակներ՝ կոշտատերեւ շիւղախոտ, ոչխարի եւ այլն:
Տարախոտային տափաստաններուն մէջ իշխող է կատուադաղձի (Nepeta), առւոյտի (Medicago) եւ երեքնուկի (Trifolium) տարբեր տեսակներ:
Տափաստաններուն մէջ կը գերակշռեն գազերը (Astragalus microcephalus, Astragalus lagurus), կորնգան եղջիւրաւորը (Onobrychis cornuta), պրանգոս նարդեսանմանը եւ այլ տեսակներ:
Մարգագետնային բուսականութիւնը կ'ապրի 2100-2200 մ-էն սկսեալ եւ կը տարածուի դէպի վեր՝ մինչեւ 2600-2800 մ բարձրութիւնները:
Արգելոցին տարածքին նեղ շերտով գետերու հուներու երկարութեամբ կը տարածուի տուգայանման բուսականութիւնը, որ կազմուած է հացենիի ( Fraxinus), բարտիի (Populus), ուռենիի (Salix), փշատենիի (Elaeagnus), կարմրանի (Tamarix) եւ այլ տեսակներէ[8]։
Անասնական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արգելոցին մէջ կ'ապրին 283 տեսակ ողնաւոր անասուններ, որոնցմէ
- թռչուններ - 192 տեսակ
- կաթնասուններ - 44 տեսակ
- սողուններ- - 33 տեսակ
- ձուկեր - 9
- երկակենցաղներ - 5 տեսակ:
Ողնաւոր անասուններէն 58 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ, իսկ 51 տեսակ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ:
Կաթնասուններէն կ'ապրի կովկասեան ընձառիւծը, լուսանը, գորշ արջը, աղուէսը, անտառային կատուն, հնդկական մացառախոզը, աքիսը, քարակզաքիսը, գորշուկը, նապաստակը, գայլը, բեզոարեան այծը, վայրի խոզը եւ այլ տեսակներ:
Կովկասեան ընձառիւծը գրանցուած Է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ։ Արգելոցին տարածքին կ'ապրի չորասէր գիհուտներով ծածկուած դարաւանդներուն մէջ։ Իբրեւ բոյն կ'օգտագործեն քարանձաւները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները:
Լուսանը կը նախընտրէ կերով հարուստ գիհիի նոսրանտառները: Տաք ժամանակաշրջանին կը բարձրանայ նաեւ ենթալպեան եւ ալպեան մարգագետիններ: Լուսանները կը սնանին կրծողներով, նապաստակներով, թռչուններով, կրնան նաեւ որսալ երիտասարդ բեզոարեան այծեր եւ վայրի խոզի ձագեր: Կը վարէ գիշերային եւ մթնշաղային գաղտնի կեանք:
Արգելոցին ամենամեծ գիշատիչը գորշ արջն է: Անոր նախընտրած կենսամիջավայրերն են տերեւաթափ եւ խառն անտառները, մշտադալար գիհուտները, քարանձաւները եւ ժայռոտ վայրերը: Գրանցուած է Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ Կարմիր գիրքերուն, ինչպէս նաեւ ԲՊՄՄ Կարմիր ցուցակին մէջ:
Բեզոարեան այծը (Capra aegagrus) արգելոցին բնիկներէն Է: Իր անուանումը ստացած է շնորհիւ ստամոքսին մէջ կերի հանքային խտանիւթերէն յառաջացած գունդերուն՝ բեզոարներու, որոնք ժամանակին լայնօրէն օգտագործած էին ժողովրդական բժշկութեան մէջ: Կեանքին տեւողութիւնը 10-17 տարի է, կշիռքը՝ 60-100 քկ: Կը սնանի չոր եւ կոշտ բուսատեսակներով: Կը նախընտրէ տեղի ժայռաշատ, քարքարոտ, յաճախ հողմահարուած ու խոր ձորերով մասնատուած անմատչելի զառիթափերը: Գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքերուն, ինչպէս նաեւ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ:
Վայրի խոզը (Sus scrofa) կ'ապրի լայնատերեւ անտառին մէջ։ Լեռնատափաստանային եւ մերձալպեան տարածքները անոնք կ'օգտագործեն մէկ լանջէն միւսը անցնելու ժամանակ[9]:
Կաթնասուններէն 13 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ:
Արգելոցի տարածքին կ'ապրին 192 տեսակի թռչուններ, որոնք կը պատկանին 44 ընտանիքներու, որ ալ կը կազմէ Հայաստանի թռչնատեսակներու ընդհանուր քանակին 56 տոկոսը: Գիշատիչ թռչուններէն արգելոցին տարածքին կ'ապրին մօրուքաւոր անգղը (Gypaetus barbatus), գիշանգղը (Neophron percnopterus), սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), սեւ անգղը (Aegypius monachus), տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), սապսանը ( Falco peregrinus) , միջերկրածովեան բազէն (Falco biarmicus), դաշտային մկնաճուռակը (Circus cianeus), մեծ ճուռակը ( Buteo buteo), ցախաքլորաորսը (Accipiter gentilis), քարարծիւը (Aquila rapax) եւ այլ տեսակներ:
Արգելոցը միակ տարածքն է Հայաստանի մէջ, ուր կը բնադրի սեւ անգղը: Բոյնը կը կառուցէ գիհիի ծառերու կատարին: Սեւ անգղի թեւերու բացուածքը կրնայ հասնել մօտ 3 մ, իսկ կշիռքը մինչեւ 12,5 քկ: Միւս անգղներու համեմատ, կը գերադասէ սնուած կենդանիներու մկանային հիւսուածքներով, աւելի քիչ քանակութեամբ՝ մաշկով եւ ոսկորներով: Գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին եւ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ:
Հաւազգիները արգելոցին մէջ ներկայացուած են չորս տեսակներով: Կասպիական ուլար (Tetraogallus caspius ) կը բնակի ժայռային ելքերով եւ քարքարոտ զառիվայրերով ենթալպեան մարգագետիններուն մէջ։ Մոխրագոյն կաքաւը (Perdix perdix) կ'ապրի անտառային տափաստաններուն, թփուտներուն մէջ, իսկ քարակաքաւները (Alectoris chukar) կ'ապրին կիսաանապատներու, լեռնային տափաստաններու եւ մարգագետիններու ժայռոտ բիոտոպներուն մէջ:Բարձրախոտ մարգագետիններուն մէջ բոյն կը դնէ լորը (Coturnix coturnix):
Կիսաանապատներուն եւ արիդային բիոտոպերուն մէջ կ'ապրին երկբծաւոր արտոյտը (Melanocorypha bimaculata), փոքր արտոյտը (Calandrella brachydactyla), փուփուլաւոր արտոյտը (Galerida cristata), կարճամատ ճնճղուկը (Carpospiza brachydactyla), մոնղոլական եւ անապատային խածկտիկը (Bucanetes mongolicus, Bucanetes githagineus), կարմրաթեւ ոսպնուկը (Rhodopechys sanguineus), պարող, սեւավիզ քարաթռչնակները (Oenanthe isabellina, Oenanthe finschii), շիկապոչ սոխակը (Cercotrichas galactotes): Այստեղ չորասէր թփուտներուն մէջ կ'ապրին անապատային մօրեհաւը (Hippolais languida), սպիտակաբեղ շահրիկը (Sylvia mystacea), սեւափոր դոլոնը (Pterocles orientalis), սովորական այծկիթը (Caprimulgus europaeus), տնային բուիկը ( Little owl), ներկարարը (Coracias garrulus), հոպոպը, (Upupa epops) ոսկեգոյն մեղուակերը (Merops apiaster), չուի ընթացքին հազուադէպ կ'ապրի նաեւ կանաչ մեղուակերը ( Merops persicus):
Անտառային տարածքները կը բնակեցուին կրետակերը (Pernis apivorus), սեւ ցինը (Milvus migrans), օձակեր արծիւը (Circaetus gallicus), սովորական ճուռակը (Buteo buteo), լորաճուռակը (Accipiter nisus) եւ մեծ լորաճուռակը (Accipiter gentilis), գաճաճ արծիւը (Hieraaetus pennatus), անտառային արտոյտը (Lullula arborea), սպիտակախածի կեռնեխը (Turdus torquatus), մօրիի շահրիկը (Sylvia curruca), կարմրաճակատ սէրինոսը (Serinus pusillus), լեռնային դրախտապանը (Emberiza cia), խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), անտառային ձիուկը (Anthus trivialis), անտառային նրբագեղիկը (Prunella modularis), սովորական կարմրատուտը (Phoenicurus phoenicurus), երգող կեռնեխը (Turdus philomelos), դեղնափոր գեղգեղիկը (Phylloscopus trochiloides), սեւ երաշտահաւը (Parus ater), երկնագոյն երաշտահաւը (Parus coeruleus), մեծ երաշտահաւը (Parus major), սովորական խածկտիկը (Pyrrhula pyrrhula), հատբեկիչը (Coccothraustes coccothraustes), անտառային կաչաղակը (Garrulus glandarius), ամուրիկը (Fringilla coelebs), կանաչ սէրինոսը (Carduelis Chloris), ձմրան այստեղ կ'ապրին ազնուասարեկը (Carduelis spinus), սովորական սէրինոսը (Fringilla mantifringilla), դեղնագլուխ արքայիկը (Regulus regulus):
Անտառաթփուտներուն մէջ կը բնակին սեւ կեռնեխը (Turdus merula), մոխրագոյն եւ այգիի շահրիկները (Sylvia communis, Sylvia borin), եղնջաթռչնակը (Troglodytes troglodytes) եւ այլ տեսակներ:
Լեռնային տափաստաններուն մէջ լայն տարածում ունի հայկական չքչքանը (Saxicola maurus), կանեփնուկը (Carduelis cannabina), այգիի դրախտապանը (Emberiza hortulana), սովորական տատրակը (Streptopelia turtur):
Բարձրլեռնային գօտիներուն մէջ կը բնակին ժայռային ծիծեռնակները (Ptyonoprogne rupestris), ալպիական նրբագեղիկը (Prunella collaris), սեւուկ կարմրատուտը (Phoenicurus ochruros), խայտաբղետ քարակեռնեխը (Monticola saxatilis), փոքր ժայռային սիտեղը (Sitta neumayer), կարմրաթեւ սիտեղը (Tichodroma muraria), ձիան ճնճղուկը (Montifringilla nivalis) եւ կարմրակտուց ճայը (Pyrrhocorax pyrrhocorax):
Գարնանային եւ աշնանային չուերու ժամանակ արգելոցի բոլոր բաց դաշտավայրերուն կ'ապրին ճահճային մկնաճուռակը (Circus aeruginosus), դաշտային մկնաճուռակը (Circus cyaneus) տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), մարգագէտնային մկնաճուռակը (Circus pygargus), տափաստանային արծիւը (Aquila nipalensis), տափաստանային հողմաւար բազէն (Falco naumanni):
Արգելոցի չուող թռչուններուց յատկանշական են մոխրագոյն կռունկը (Grus grus), գեղանի կռունկը (Anthropoides virgo), ճնճղուկ աւազակտցարը (calidris minuta), մօրակտցարը (Gallinago gallinago)[12]:
Թռչուններէն 37 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին եւ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ:
Արգելոցին մէջ սողունները ներկայացուած են 33 տեսակներով:
Կիսաանապատային գօտիին մէջ հանդիպող տեսակներէն են՝ Կովկասեան Լեռնային Ագամա ( Laudakia caucasia), Ռադդէի ժայռային մողէս ( Darevskia raddei), բարեկազմ օձագլուխ (Ophisops elegans), բծաւոր մողէս (Lacerta strigata), արեւմտեան վիշապիկ (Eryx jaculus), զոլաւոր մերկաչք (Ablepharus bivittatus) եւ այլ տեսակներ:
Անտառային գօտիին մէջ կ'ապրի որդանման կոյր օձը (Typhlops vermicularis), վզնոցաւոր էիրենիսը ( Eirenis collaris), Հայկական էիրենիսը ( Eirenis punctatolineatus), կարմրափոր (Շմիդտի) սահնօձը (Hidrophis schmidti), կովկասեան գիւրզան (Vipera lebetina), անդրկովկասեան մողէսիկը (Eremias pleskei), Շտրաուխի մողէսիկը (Eremias strauchi), ջարդուող իլիկամողէսը (Anguis fragilis) եւ այլ տեսակներ:
Լեռնատափաստանային գօտիին մէջ կ'ապրին միջին մողէսը (Lacerta media), բազմագոյն եւ կապարագոյն սահնօձերը ( Coluber ravergieri, Columber nummifer), քառաշերտ սահնօձը (Elaphe sauromates) եւ այլ տեսակներ:
Հայաստանի Կարմիր գիրքին մէջ գրանցուած տեսակներէն են՝
- Միջերկրածովային կրիայ (Testudo graeca)
- Անդրկովկասեան տակիրային կլորագլուխ (Phrynoephalus horvathi)
- Առաջաւորասիական մաբուիա (Trachylepis septemtaeniata)
- Երկարաոտ սցինկ (Eumeces schneideri)
- Անդրկովկասեան մողէսիկ (Eremias pleskei)
- Անդրկովկասեան սահնօձ (Elaphe hohenackeri)
- Սատունինի սեւագլուխ ռինխոկալամուս (Rhynchocalamus melaibis)
- Կովկասեան կատուաօձ (Telescopus fallax)
- Հայկական կամ Ռադէի իժ (Vipera (Montivipera) leucorodia)
- Հայկական լեռնատափաստանային իժ (Vipera (Pelias) eriwanensis)
Հայկական լեռնատափաստանային իժը (Vipera (Pelias) eriwanensis) Հայկական բարձրաւանդակի էնդէմիկ տեսակ է: Գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին եւ Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին մէջ։ Արգելոցի տարածքին կ'ապրի 1800-2500 մ.ծ.մ. բարձրութիւններու վրայ։ Կը սնուին մողէսներով, մանր կրծողներով, թռչուններու ձագերով:
Հայկական կամ Ռադէի իժ (Vipera (Montivipera) leucorodia) Հայկական բարձրաւանդակի էնդէմիկ: Արգելոցի տարածքին կ'ապրի լեռնային չորասէր համակեցութիւններու, կաղնիի անտառին, գիհիի նոսրանտառներուն, լեռնային տափաստաններուն մէջ ծ.մ. 1300–1800 մ բարձրութեան վրայ։ Կը սնուին մանր կրծողներով, թռչուններով, մողէսներով, յօդուածոտանիներով: Հայկական իժը գրանցուած է Բնութեան Պահպանութեան Միջազգային Միութեան Կարմիր ցուցակին եւ Հայաստանի Կարմիր գիրքին մէջ։ Արգելոցի տարածքին նոսր թփուտային եւ խոտածածկուած լեռներու եւ կիրճերու քարքարոտ լանջերուն մինչեւ ծ.մ. 1500-2000 մ բարձրութեան վրայ կ'ապրի Կովկասեան գիւրզան (Macrovipera lebetina): Գիւրզաները կը սնուին կրծողներով, թռչուններով, մողէսներով:
Արգելոցին երկակենցաղներու աշխարհը ներկայացուած է 5 տեսակներով՝ լճագորտը, փոքրասիական գորտը, կանաչ դօդօշը, սուրիական սխտորագորտը,փոքրասիական ծառագորտ :Սուրիական սխտորագորտը գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ:
Ձկնայտէսակները ինն են. կարմրախայտը, Քուռի բեղլուն, Քուռի կողակ, Քուռի սպիտակաձուկ, անդրկովկասեան սպիտակաձուկ, հայկական տառեխիկ, ոսկեգոյն ծական, անգորական լերկաձուկ եւ կովկասեան լերկաձուկ[10]:
Անողնաշար անասուններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Խոսրովի անտառ» պետական արգելոցին մէջ անողնաշար անասուններու աշխարհը ներկայացուած է աւելի քան 1500 տեսակներով, որոնցմէ փափկամարմիններ՝ 62 տեսակ, կարիճներ՝ 3 եւ 1427-ը միջատներ: Միջատներու աշարհը արգելոցին մէջ ներկայացուած է կարգաբանական 11 կարգերու ներկայացուցիչներէ, անոնցմէ են՝ ճպուռներու, աղոթարարներու, ականջմտնուկներու, ուղղաթեւերու, կարծրաթեւերու, թեփուկաթեւերու, թաղանթաթեւերու եւ այլ կարգերու տեսակներէ:
Համեմատաբար հարուստ է կիսաանապատային գօտիի տեսակային կազմը, ուր շատ են միայն արգելոցին մէջ տարածուած են՝ Հայկական սեւամարմին (Armenohelops armeniacus), Վետիական Մելիթիա (Melitaea vedica), Ռոմանովի տոմարես (Thomares romanovi), Գեղարդեան ոսկեբզէզ (Sphenoptera geghardica), Արաքսեան տէրեւակեր (Cryptocephalus araxicola) եւ այլն:
Լեռնատափաստանային գօտիին մէջ Հայաստանի Կարմիր գիրքին մէջ գրանցած տեսակներէն կ'ապրի սիմփեկմաճպուռը (Sympecma paedisca), կեղծ խոտային չրխկանը (Cardiophorus pseudo gramineus), կոռոստելիովի երկարաբեղիկ (Agapanthia korostelevi), մնեմոզինա կամ սեւ ափոլոն (Parnassius mnemosyne), Աւրորինա դեղնաթիթեռ (Colias aurorina), կանաչաւուն դեղնաթիթեռ (Colias chlorocoma), ափրիկեան փրոթերեբիա (Proterebia afra hyrcana), հուպերտի կապտաթիթեռ (Agrodiaetus huberti), սուռակովի կապտաթիթեռ (Agrodiaetus surakovi), Մոմախոտի մեղու (Osmia cerinthides), իշամեղու հայկական (Bombus armeniacus), իշամեղու ձնափայլ (Bombus niveatus):
Անտառային գօտիին մէջ հանդիպող տեսակներէն են՝ Ալեքսանոր առագաստաթիթեռ (Papilio alexanor orientalis), Արիոն կապտաթիթեռ (Maculinea arion zara), Կպչուկի իլիկաթիթեռ (Hyles hippophaes caucasica), պրոզերպինա իլիկաթիթեռ (Hyles hippophaes caucasica), Աւետեանի երկարաչափ թիթեռ (Cidaria avetianae), կաղնիի մեծ երկարաբեղիկ (Cerambyx cerdo acu minatus) եւ այլ տեսակներ:
Անողնաշարաւոր կենդանիներէն 44 տեսակ գրանցուած է Հայաստանի Կարմիր գիրքին մէջ:
Պատմամշակութային յուշարձաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խոսրովի անտառ պետական արգելոցը հարուստ է պատմամշակութային յուշարձաններով: Այստեղ հաշովառուած է 312 յուշարձան, որոնցմէ 29-ը վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր եւ տապանաքարեր, 40-ը` այլ բնոյթի միջնադարեան յուշարձաններ, որոնք կը գտնուին կիսաւեր վիճակով:
Հաւուց Թառ վանական համալիրը (10-13-րդ) կը գտնուի Գառնիէն արեւելք, Ազատ գետի ձախ, բարձրադիր ափին: Այս վանական համալիրը յայտնի է նաեւ Ամենափրկիչ, Դարունից վանք, Կարմիր վանք անուններով: 1013-ին այս վանական համալիրին մէջ Գրիգոր Մագիստրոս կառուցած է Ս. Ամենափրկիչ եկեղեցին: Հաւուց Թառը վերելք կ'ապրի 12-14-րդ դարերուն, աւերուած է 1679-ի երկրաշարժին։ ԺԸ. դարուն վանքը վերանորոգած է Աստուածատուր կաթողիկոսը։ Վանական համալիրը բաղկացած է երկու յուշարձանախումբէ։ Արեւմտեան յուշարձանախումբի գլխաւոր եկեղեցին (13-րդ դար) ներքուստ խաչաձեւ, արտաքուստ ուղղանկիւն, չորս անկիւններուն աւանդատներով յօրինուածք ունի։ Բազմագունութեան սկզբունքով շարուած պատերը (սրբատաշ կարմրաւուն տուֆ) հարուստ են արձանագրութիւններով։ Քանդուած են եկեղեցիի գմբէթն ու ծածկը։ Անոր հարաւէն կից են երկու միանաւ մատուռներ (այժմ՝ կիսաւեր)։ Արեւելեան խումբը հիմնովին վերակառուցուած է 18-րդ դարու 1-ին կիսուն, օգտագործուած են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցիի եւ վանքի քառամոյթ գաւիթի քարերը։ Վերջինիս աւերակի հիւսիսային մասի վրայ 1721-ին Աստուածատուր կաթողիկոսը հիմնած է Ս. Կարապետ եկեղեցին ։ Պարիսպներուն հիւսիսէն կից են բնակելի սենեակներ, իսկ հարաւ-արեւմուտքէն՝ թաղածածկ հիւրատունը։ Հաւուց Թառը միջնադարեան Հայաստանի մէջ գիտական խոշոր կեդրոն եղած է, ուր բազում գիրքեր գրուած ու նկարազարդուած են:
Աղջոց վանք համալիրը կը գտնուի Գեղարդէն 7 քմ հարաւարեւելք , լերան լանջին: Ըստ աւանդութեան` հիմնադրած է Գրիգոր Լուսաւորիչը 4-րդ դարու սկիզբը` որպէս կուսանաց վանք: Ներկայիս վանքը կառուցուած է 13-րդ դարու: Եղած է կրօնական եւ մշակութային կեդրոն: Պարսպապատերով շրջապատուած վանական համալիրը բաղկացած է գլխաւոր` Ս. Ստեփանոս եկեղեցիէն, գաւիթէն, Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցիէն, բնակելի եւ տնտեսական շինութիւններէ:
Ս. Ստեփանոս եկեղեցի -գլխաւոր եկեղեցին է` կառուցուած 1212-1217-ականներուն: Ունի ներքուստ խաչաձեւ, 4 անկիւններ ու միայարկ աւանդատուներով, գմբէթաւոր յօրինուածք: Աչքի կ'իյնայ ներքին եւ արտաքին պարզ ճարտարապետութեամբ:
Գաւիթը կառուցուած է 1217-1234-ականներուն: Կը պատկանի քառասիւն գաւիթներու տեսակին, որու ծածկը իրականացուած է երկու զոյգ փոխհատուող կամարներով: Պահպանուած է միայն արեւելեան պատերու մէկ մասը:
Ս.Պօղոս-Պետրոս եկեղեցի -համալիրին աւելի ուշագրաւ յուշարձաններէն է: Կից է Ս. Ստեփանոս եկեղեցիին հիւսիսային կողմէն: Արեւմտեան դրան ճակատակալ քարի վրայ պահպանուած է 1270-ին եղած շինարարական արձանագրութիւնը: Պարզ յատակագիծով, արեւելեան կողմէն կիսաշրջան աւագ խորանով, երկու կողմերէն աւանդատուներ ունեցող թաղածածկ կառոյց է: Եկեղեցին ուշագրաւ է արեւմտեան մուտքի երկու կողմերուն եղած` Ս. Պօղոս եւ Ս. Պետրոս առաքեալներու բարձրաքանդակներով, որոնք միջնադարեան Հայաստանի քանդակագործական արուեստի բացառիկ նմուշներէն են: Վանական համալիրի շրջակայքը խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցն է: Վանքը կործանած է 1679-ի երկրաշարժին:
Գեղմահովիտ գիւղատեղին եւ համանուն եկեղեցին կը գտնուին պետական արգելոցի Գառնի տեղամասը: Գիւղի կեդրոնական մասը կը գտնուի եկեղեցին, որ Ե.-Է. դարերու կառոյց է: Միակ մուտքը կը բացուի հարաւային ճակատէն: Յուշարձանի ուսումնասիրութեան ժամանակ յայտնաբերուած է յունարէն արձանագրութիւնով քար մը, որ շրջուած տառերով հայերէն կը նշանակէ «Առողջութիւն» եւ «Երանութիւն»:
Աւանիկ կամ Փոքր Շէն գիւղատեղին կը գտնուի Կաքաւաբերդ տեղամասը՝ Ազատ գետի ափին: Գիւղատեղիի արեւելեան մասը կիսաւեր եկեղեցին է, որ կառուցուածէ 6-7-րդ դարերուն:
Կաքաւաբերդը, Գեղի բերդ, Քեղի բերդ, Թաթուլի բերդ/ կը գտնուէր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գաւառին մէջ, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ կը յիշատակէ Յովհաննէս Դրասխանակերտցին Թ.- Ժ. դարերուն) իբրեւ Բագրատունիներու տոհմական տիրոյթ։ ԺԱ. դարուն Կաքաւաբերդ ամրոցը անցած է Պահլաւունիներու, իսկ ԺԲ.- ԺԳ. դարերուն` Պռոշեաններու տոհմին: Դրասխանակերտցի կը հաղորդէ, որ 924-ին Գեղիի վրայ յարձակած արաբ զօրավար Պեշիրը պարտուած է Գէորգ Մարզպետունիէն։ Գեղին վերջին անգամ կը յիշատակուի 1224-ին, երբ Գառնիի մօտ մարտին պարտուած Իվանէ Զաքարեանը պատսպարուած է հոն։
Ամրոցը ներկայիս կանգուն է, լաւ պահպանուած։ Անիկա կառուցուած է բարձր լերան գագաթին, որ երեք կողմէ անմատչելի է։ Դէպի հիւսիս-արեւելք կը ձգուին պարիսպները, որոնք ունին 2-2,5 մ հաստութիւն, 8-10 մ բարձրութիւն եւ աշտարակներ։ Բերդին ներսը պահպանուած են եկեղեցին, այլ շէնքերու աւերակներ[11]:
Բերդատակ գիւղատեղին կը գտնուի Ազատ գետի աջ ափին՝ Կաքաւաբերդի ստորոտը, ուրկէ ալ ծագած է անուանումը: Բերդատակէն կը բացուի հիասքանչ համայնապատկեր դէպի Հազարաձոր, Կաքաւաբերդի քարափներ եւ Քաջառուի կիրճ:
Խոսրով գիւղատեղին կը գտնուի պետական արգելոցի Խոսրով տեղամասին մէջ, Խոսրով գետի աջ ափին:Գիւղատեղին հիմնադրուած է13-րդ դարուն:
Կիսաւեր վիճակի մէջ պահպանուած է եկեղեցին, գերեզմանատունը, ժայռափոր մատուռը (11-13-րդ դար ): Խոսրով գիւղատեղիի եկեղեցին կեդրոնագմբէթ է , չորս անկիւններուն՝ ուղղանկիւնաձեւ աւանդատներով: Եկեղեցիէն պահպանուած է միայն հիւսիսային հատուածի պատերը: Տարածքին կան նաեւ բազմաթիւ արձանագիր խաչքարեր, անկիւնաքարեր ու քիւեր: Թուագրուած խաչքարերը ունին 1501-ի եւ 1530-ի արձանագրութիւններ:
Սպիտակ Վանք գիւղատեղին կը գտնուի Խաչաձոր տեղամասին մէջ։ Եկեղեցին կառուցուած է 1301-ին, այն ուղղանկիւնաձեւ միանաւ բազիլիկ է` կառուցուած սպիտակ սրբատաշ աւազաքարով: Այստեղէն ալ հաւանաբար ծագած է անունը՝ Սպիտակ վանք: Եկեղեցիէն պահպանուած են հիւսիսային եւ արեւելեան պատերը, միւս երկու պատերէն մնացել են միայն հիմքերը: Եկեղեցիի մուտքի ձախ կողմը պատի մէջ տեղադրուած է գեղեցիկ նախշազարդերով խաչքար: Խաչքարի ներքեւի հատուածին մէջ պահպանուած է անոր վերագրուող շինարարական բնոյթի արձանագրութիւն, իսկ վեց արձանագրութիւններ ալ կան «Սպիտակ Վանք» եկեղեցիի կանգուն պատերուն: Գիւղատեղին ենթադրաբար գոյատեւած է մինչեւ Շահ Ապասի կազմակերպած բնակչութեան զանգուածային տեղահանութիւնը (1604): Սպիտակ Վանք եկեղեցին քանդուած է 1679-ի աւերիչ երկրաշարժի ժամանակ:
Մանկուկ գետի հովիտին մէջ կը գտնուի «Մանկուք» յուշարձանախումբը (5-17-րդ դարեր): Խոսրով գետէն ձախ, բարձր ժայռոտ սարի գագաթին տեղակայուած է ամրոցը (5-8-րդ դարեր), որ այժմ հիմնովին աւերուած է: Ստորոտին գիւղատեղին է` բնակելի եւ կենցաղային շինութիւններով, ինչպէս նաեւ գերեզմանոցը` նրբաքանդակ խաչքարերով: Գիւղատեղիի հարաւարեւմտեան մասը` անտառոտ լանջին կը գտնուի 10-13-րդ դարերու եկեղեցի, իսկ հիւսիսարեւմտեան մասին մէջ` ժայռի լանջին, 13-րդ դարու մէկ այլ եկեղեցի, որու պատերուն վերին շարքերը քանդուած են: Մանկուկը, որպէս բնակավայր, գոյատեւած է մինչեւ 1950-ականները:
Խոսրովասար լերան ստորոտին կը գտնուի Սագրաբերդ գիւղատեղին: Գիւղատեղիին մէջ պահպանուած են երկու եկեղեցիներ, որոնցմէ մէկը ( կառուցուած 5-6րդ դարերուն), աւերուած է. պահպանուած են միայն հիմքերը, իսկ երկրորդը` կիսաւեր է, պահպանուած են արեւելեան պատը, հիւսիսային եւ հարաւային պատերը` մասամբ:
Վտանգներ եւ արգելոցային պահպանութեան իրաւակարգի խախտումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որսագողություն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համաձայն բնապահպաններու՝ բնապահպանական կազմակերպութիւններու յայտարարութիւններու եւ լրատուամիջոցներու հրապարակումներու՝ Խոսրովի անտառ պետական արգելոցը տարբեր տարիներուն եղած է որսագողերու, ինչպէս՝ նաեւ Հայաստանի Հանրապետութեան բարձրաստիճան պաշտօնեաներու ու մեծահարուստներու սիրուած վայր[12][13][14][15][16][17]:
Հրդեհներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]12 Օգոստոս 2017-ին Խոսրովի պետական արգելոցին մէջ տեղի ունեցած են մասշտաբային հրդեհներ, որոնք հանգեցրած են էկոլոգիական խոշոր աղետի[18]: Հրդեհի առաջացման ստոյգ պատճառը յայտնի չէ, եւ կըշրջանառուին հակասական կարծիքներ: Կ'ըսեն, որ հրդեհը տեղի ունեցած է մարդոց կողմէ։ Հրդեհը հանգցնողները կը պատմեն,որ ծառերը 5 վայրկեանի մէջ կ'այրուէին եւ հրդեհը կը տարածուէր։ Ըստ ներկաներու հրդեհը շատ աղետի հանգեցուցած է եւ շատ կենդանիներ եւս հրդեհէն սատկած են։
Պատմամշակութային յուշարձաններու պահպանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խոսրովի անտառ պետական արգելոցին տարածքին կը գտնուին բազմաթիւ պատմամշակութային յուշարձաններ, որոնք պարբերաբար ահաբեկչութեան կ'ենթարկուին: Այդպիսի յուշարձաններ են ԺԱ. դարուն հիմնադրուած Հաւուց Թառի վանքը, ԺԳ. դարուն հիմնադրուած Աղջոց վանքը եւ այլն[19][20]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայաստանի Հանրապետութեան Ֆիզիկաաշխարհագրական արժէքներու համառօտ տեղեկատու-բառարան, Երեւան, «Գեոդէզիայի եւ քարտէսագրութեան կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 56 — 150 էջ
- ↑ 2,0 2,1 Խանջեան Նազիկ (2009)։ Խոսրովի անտառ արգելոց։ էջ 12
- ↑ 3,0 3,1 «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհուած է Պահպանուող տարածքների Եւրոպական տիպլոմ
- ↑ «Խոսրովի անտառ» պետական արգելոց 2010-2014 կառավարման ծրագիր, էջ 16
- ↑ «Խոսրովի անտառ » պետական արգելոց» 2010-2014 կառավարման ծրագիր
- ↑ Խանջեան Նազիկ (2009)։ Խոսրովի անտառ արգելոց։ «Վարդ Հրատ» ՍՊԸ։ էջ 12
- ↑ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 կառավարման ծրագիր էջ 17,18
- ↑ «"Khosrov Forest" State Reserve»
- ↑ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 կառավարման ծրագիր, էջ 34,35
- ↑ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 կառավարման ծրագիր, էջ 42,43,44
- ↑ Բայբուրդ գիւղատեղի, «Պատմամշակութային արգելոց-թանգարաններու եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ
- ↑ «Ոստիկանութիւնը կոծկո՞ւմ է. Բնապահպաններու նոր աղմկայարոյց տեսանիւթը` Խոսրովի արգելոցէն - MediaLab Newsroom-Laboratory»
- ↑ «Խոսրովի անտառ» արգելոցին մէվ տեղի ունեցած է որսագողութիւն:
- ↑ «Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրին մէջ որսագողութեան դէպքեր արձանագրուած են:
- ↑ Ինչպէս կը մեկնաբանէ բնապահպանութեան նախարարը:
- ↑ Սպանութիւն Խոսրովի անտառին մէջ:[permanent dead link]
- ↑ Ապօրինի որս եւ խրախճանք Խոսրովի արգելոցին մէջ:
- ↑ «Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին մէջ - Հետք - Լուրեր, յօդուածներ, հետաքննութիւններ»
- ↑ «Վանդալիզմ դարձող ուխտագնացութիւն - Հետք - Լուրեր, յօդվածներ, հետաքննութիւններ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-02-16-ին
- ↑ «Հաւուց Թառի վանքը, երկրաշարժն ու սեղաններու փոխարէն օգտագործուող խաչքարերը»։ panarmenian.net